Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Վերջին շրջանի դինամիկան թույլ կտա նոր խթան հաղորդել հարաբերությունների զարգացմանը. ՀՀ ԱԳ նախարարը՝ Հունգարիայի փոխվարչապետին

Վերջին շրջանի դինամիկան թույլ կտա նոր խթան հաղորդել հարաբերությունների 
զարգացմանը. ՀՀ ԱԳ նախարարը՝ Հունգարիայի փոխվարչապետին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիա պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին հանդիպում է ունեցել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո երկկողմ օրակարգի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Երկուստեք նշվել է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի մակարդակով պաշտոնական այցը տեղի է ունենում տասնհինգ տարվա ընդմիջումից հետո՝ հույս հայտնելով, որ վերջին շրջանի դինամիկան և բարձրաստիճան փոխայցելությունները թույլ կտան նոր խթան հաղորդել հարաբերությունների և բազմոլորտ օրակարգի զարգացմանը:

«Առկա է դեռ չիրացված մեծ ներուժ թե’ քաղաքական երկխոսության, թե’ հատկապես տնտեսական կապերի առումով, և առկա է պատրաստակամություն քայլեր ձեռնարկել շարունակական արդյունքներ գրանցելու համար»,- հավելել է Արարատ Միրզոյանը։

Հանգամանալից քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկրների համապատասխան կառույցների փոխգործակցության հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է հատկացվել կրթության, մարդկանց միջև շփումների, մշակութային զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, որոնց էականորեն կարող է նպաստել Երևան-Բուդապեշտ ուղիղ չվերթների մեկնարկը։ Վկայակոչելով Բուդապեշտում Պետեր Պազմանի Կաթոլիկ Համալսարանում հայկական ուսումնասիրությունների բաժանմունքի գոյությունը, ինչպես նաև երկու երկրների միջև 2023-25թթ կնքված փոխըմբռնման հուշագրերը՝ նախարար Միրզոյանը կարևորել է փորձի, ուսանողների փոխանակման, կրթաթոշակային ծրագրերի կյանքի կոչումը։

Անդրադարձ է կատարվել նաև պատմամշակութային արժեքների պաշտպանությանը Հունգարիայի կողմից ցուցաբերվող հատուկ ուշադրությանն ու այս ուղղությամբ իրականացվող քայլերին։

ՀՀ արտաքին գործերի նախարարը և հունգարիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության հարցերի շուրջ՝ հաշվի առնելով տարվա երկրորդ կեսին ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի կյանքի կոչել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգում նախանշվող բոլոր ծրագրերը։

Անդրադառնալով Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության ու սահմանների ճանաչման, դրանց անքակտելիության առանցքային սկզբունքները։

Տարածաշրջանային տնտեսական փոխկապակցվածության զարգացման համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և դրա ընձեռած հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]